Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների գների թանկացումն անխուսափելի էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Երեւանյան գարեջուր» ՓԲԸ տնօրեն Աշոտ Բաղդասարյանը։
Հայաստանում հուլիսի 7-ից գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ընկերության համար ունի հետեւյալ պատկերը՝ գազը՝ 14 տոկոսով, էլեկտրաէներգիան՝ 42։ «Բնականաբար, դրանից հետո կյանքն, ընդհանուր առմամբ, թանկացել է։ Դրա համար պետք է ինդեքսավորել աշխատակիցների աշխատավարձը։ Այդ ամենը ներառվում է ինքնարժեքի մեջ»,-հավելել է Բաղդասարյանը։
Նա նշել է նաեւ մակնշման հետ կապված նոր սարքավորումներ գնելու անհրաժեշտությունը, ինչը եւս լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հայաստանում գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքները պետք է մակնշվեն հատուկ վերահսկիչ պիտակներով՝ շրջանառությունը վերահսկելու նպատակով։ Պիտակների վրա նշվում է ընկերության մասին տվյալներ։





























