Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայանալիք բանակցությունների արդյունքում սպասվում է, որ կկնքվեն 5-6 երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում, լրագրողներին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը եւ այլ պաշտոնյաներ։

Ուշակովն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ծրագրվում է համագործակցություն՝ ԱԻ նախարարությունների մակարդակում։ Բացի այդ համաձայնագրեր կարող են ստորագրվել նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սպասվում է նաեւ, որ նախագահները կանդրադառնան այնպիսի առանցքային միջազգային եւ տարածաշրջանային հարցերի, ինչպիսիք են Կասպից ծովի իրավական ռեժիմն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։

Ինչպես հաղորդել է Ուշակովը, երկու երկրների ղեկավարները չեն անդրադառնալու Գաբալայի ՌՏԿ-ի թեմային։