«Արենի» Փառատոն» հիմնադրամը օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կկազմակերպի արդեն երկրորդ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ-ը: Այն տեղի կունենա Փարաքարի գյուղապետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

«Արենի  փառատոն»  հիմնադրամից հայտնում են, որ Վերնիսաժին  կներկայացվեն մի շարք գործարանային եւ տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր եւ հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաեւ մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր եւ հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար:

Միջոցառմանը մասնակից կլինի նաեւ Կարին երգի–պարի ազգագրական համույթը, որի կատարողները ներկաներին իրենց պարերի մասնակից կդարձնեն, ստեղծելով բարձր, տոնական տրամադրություն:

Վերնիսաժի հաջող մեկնարկը կապահովի դրա շարունակականությունը եւ հնարավորություն կտա ամեն տարի նորովի եւ առավել ընդլայնված իրականացնել գինու՝ որպես ազգային բրենդի բաղկացուցիչ մասի պրոպագանդումը: