Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ օգոստոսի 12-ին, ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բուհերում ուսման վարձերի 80-200 հազար դրամով բարձրացման: Նրանք պահանջում են չեղյալ համարել ուսման վարձերը բարձրացնելու որոշումը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Բիզնես ուսումնական հիմնարկ», «Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ ու անօրինական որոշումը», «Մի՛ հարստացեք կրթության հաշվին»:
Կառավարության շենքից դուրս է եկել ու ուսանողների հետ հանդիպել կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, նա խոստացել է նրանց պահանջը ներկայացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ուսանողները նշել են, որ ոտնահարվել է անվճար կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, որ ուսման վարձերը բարձրացնում են, սակայն ուսման որակը նույնն է, ոչ մի փոփոխություն չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս շաբաթվա ընթացքում հանդիպելու է ուսման վարձի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստներին:
Հիշեցնենք, որ Կառավարության` ուսման վարձերը 80-200 հազար դրամով բարձրացնելու մասին որոշումից հետո մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք արդարացի չեն համարում ուսման վարձի բարձրացումը եւ Կառավարության կողմից հնչեցվող պատճառաբանությունները` ասելով, որսա թալան է պետական մակարդակով, ՀՀԿ-ն փորձում է հարվածել հայ քաղաքացու գրպանին»: Ցուցարարները նախատեսում են եւս մեկ` ավելի մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել մինչեւ ամսվա վերջ, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու:





























