Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ: Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 12-ին, միգրացիայի խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ:
ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը նշել է, որ այդուհանդերձ, Հայաստանում սկսում է ձեւավորվել նաեւ ակտիվ, ոչ անտարբեր երիտասարդության մի շերտ, որը ներառում է թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ եւ փախստական երիտասարդների: Այդ մասին էլ հանդիպմանը ցուցադրվել է ՄԱԲՀ երիտասարդ հավասարակիցների ցանցի կամավորների նկարահանած փոքրիկ ֆիլմը:
«Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, եւ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաեւ փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում է՛լ ավելի մեծ արդյունքներ կբերի», - ասել է Անահիտ Հայրապետյանը:
Միգրացիան վտանգներ է պարունակում թե՛ մեր երկրի, թե՛ հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության եւ շահագործման ռիսկի առջեւ: Սակայն պետք է կարողանալ տեսնել եւ ճիշտ օգտագործել նաեւ այդ երեւույթի բերած հնարավորությունները», - նշել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների, աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը:




























