Ղարաբաղյան «Ֆորեստ» ընկերությունը պատրաստվում է բրդե թել արտահանել Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության տնօրեն Ինարա Պետրոսյանը: Ձեռնարկությունն աշխատանքները կսկսի 2013թ. սեպտեմբերին եւ կարտադրի ոչ միայն բրդե թել, այլ բրդե կիսագուլպաներ:
Այս նախագիծը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի կազմած եւ ներդրողների առաջարկված ծրագրի մասն է: Երկու այլ ընկերություն էլ «Ֆորեստից» թել կգնեն, որոնցից մեկը «Նայթեքս» ձեռնարկությունն է (Մարալիկի բամբակի վերամշակման գործարանը), որը եւս բրդե կիսգուլպաներ եւ գործվածք կարտադրի:
«Ֆորեստը» ծրագրում է բուրդն ընդունել ողջ Ղարաբաղից, ինչպես նաեւ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: 2014թ-ին ընկերությունը պատրաստվում է 150 տոննա բուրդ կուտակել:
Ընկերությունը պատրաստվում է մասնակցել Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մրցույթներին` բանակին բրդե կիսագուլպաներ մատակարարելու համար: Իսկ թելի համար շուկա, բացի Հայաստանից եւ Ղարաբաղից, կծառայի նաեւ Ռուսաստանը: «Այնտեղից մեզ արդեն առաջիկա արտադրանքի պահանջարկ ներկայացրել են: Մեզ օգնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հարավում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Հայաստանում բրդե թելի արտադրության գործարան չկա: Ուստի մենք հնարավորություն ունենք յուրացնել ռուսաստանյան շուկայի մի մասը»,-եզրափակեց Ինարա Պետրոսյանը:




























