Տրանսպորտային խնդիրներից հոգնած Երեւանի բնակիչներն առաջարկում են քաղաքապետարանի պաշտոնյաներից վերցնել ծառայողական մեքենաները:

Երեւանում քաղաքային տրանսպորտի հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են: Դրանք լուծվել են փոփոխական հաջողություններով, իրավիճակը մեկ լավացել է,  մեկ` վատացել: Քաղաքապետարանի` ուղեվարձը բարձրացնելու, հանրության կողմից վրդովմունքի ալիքի եւ  որոշման կասեցումից հետո իրավիճակը կրկին վատացել է: Տրանսպորտին ստիպված ենք լինում սպասել ավելի երկար եւ այն ավելի շատ է բեռնված լինում:

«Սովորաբար, ես իմ մեքենայով եմ լինում: Սակայն անցած ուրբաթ հանդիպում էի ընկերներիս  ու որոշեցի առանց մեքենայի գնալ: Վերադառնում էի երեկոյան ` «Երիտասարդականից» Ավան: Սպասեցի 50 րոպե, բայց ապարդյուն: Ես կարող էի տաքսի վերցնել, սակայն ինձ հետաքրքիր էր, թե երբ կգա երթուղայինը»,-պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Անդրանիկ Մ-ն:

Նմանատիպ իրավիճակներ կրկնվում են ամեն օր, տարբեր երթուղիներում:

Ստեղծված իրավիճակից որպես ելք Երեւանի բնակիչներն առաջարկում են չպահանջել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը, այլ նրանից  եւ մյուս պաշտոնյաներից խլել ծառայողական մեքենաները: «Թող ամեն օր երթեւեկեն երթուղայինով, այդ ժամանակ խնդիրն ավելի արագ կլուծվի»,-կարծում է  Անդրանիկը` ավելացնելով, որ երբ լուծեն խնդիրը, որոնք չեն ցանկացել լուծել տարիներ շարունակ, այդ ժամանակ էլ պետք է պահանջել նրանց հրաժարականը: