Վերջերս մայրաքաղաքի մանր ու խոշոր խանութներում հացի գնի բարձրացում է նկատվում. վաճառողները հիմնականում մեղքը բարդում էին արտադրողների վրա, մինչդեռ, ինչպես «Առավոտի»-ի հետ զրույցում հավաստեցին ալյուր ներկրողներն ու հացամթերքի որոշ արտադրողներ, ոչ մի թանկացում էլ չեն արել։
«Ալյուր ներկրող խոշոր ընկերության՝ «Մանչո գրուպի» սեփականատեր Իվան Մոսոյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ալյուրի գինը դեռ մի բան էլ նվազեցրել են, որպեսզի հացի գինը չբարձրանա։ Ըստ պարոն Մոսոյանի, «Մանչո գրուպը» 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը 4 դոլարով իջեցրել է։ Մեր հարցին, թե արդյոք միջազգային շուկայում է՞լ է ցորենի գինը նվազել, պարոն Մոսոյանն պատասխանեց. «Միջազգային շուկայում չի էժանացել, ցորենի գինը որոշ սանդղակներով իջավ, կանգնեց, հետո սկսեց նորից բարձրանալ։ Մենք այդ ընթացքում տատանումներ չենք տվել, հետո կամաց-կամաց իջեցրինք, ռեալ գնից էլ իջեցրինք մենակ նրա համար, որ պատճառ չբռնեն՝ հոսանք, գազ, ու հացի գինը չթանկացնեն։ Հացի գնի թանկացման պատճառ հիմա չկա, իրենք էլ կարող էին իջեցնել»։
«Առավոտի» այն հարցին էլ, թե ինչո՞ւ եք ալյուրի գինն իրականից նվազեցրել, վնասո՞վ եք աշխատում, պարոն Մոսոյանը պատասխանեց. «Շահույթ չենք ստանում առայժմ, եկեք վնասների մասին չխոսենք։ Մենք սպասում ենք շուկայում գները կայունանան, որովհետեւ դրսում տատանվում է։ Որպեսզի ցնցումներ չլինեն գների մեջ, իջեցրել ենք։ Հիմնականում կախված է Ռուսաստանում ցորենի գներից»։
Ցորենի նոր խմբաքանակն արդյոք ավելի թանկ գներո՞վ է ներկրելու ընկերությունը։ Մեր այս հարցին էլ պարոն Մոսոյանը պատասխանեց, որ տարբեր շրջաններում ցորենի գները տարբեր են, եւ 1 տոննան արդեն 30-40 դոլարով թանկացել է։ Այսինքն՝ հնարավոր է՝ առաջիկայում հացի գինն ավելի բարձրանա։
«Սեւան» հացի գործարանը, որն իր արտադրանքն իրացնում է բազմաթիվ խանութներում ու սուպերմարկետներում, եւս հացամթերքի ոչ մի արտադրանք չի թանկացրել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց գործարանի փոխտնօրեն Գոքոր Սահրադյանը, որը նաեւ ավելացրեց, որ առայժմ մտադիր չեն գների փոփոխություն կատարել։ Հացի արտադրությամբ զբաղվող «Մուսալեռ» ընկերության ղեկավար Վահան Շառոյանն էլ հավաստիացրեց. «Մենք չենք թանկացրել, բայց պատրաստվում ենք։ Բա որ հոսանքը, գազը թանկացել են, բնականաբար, այս ապրանքն էլ է թանկանալու։ Ես չեմ թանկացրել, ասեմ դրա գաղտնիքը. ալյուրի գինը 3 դոլար իջել է, դրա հաշվին պահում ենք, դա երկար չի տեւի։ Սեպտեմբերին ալյուրը կթանկանա, հացն էլ կթանկանա, ուղղակի իմ խղճի տեսանկյունից հարմար չի ես էլ ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























