Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սեւ դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սեւ դրամարկղը» գնալով նորանոր ձեւեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել է»: Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան պետք է վճարի: Ըստ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:

«Եւ այսպես, «Լույս» մշակութային, գիտական կրթական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խհոգաբարձուների խորհրդի անդամներից է, նախորդ տարի ստացել է 1 մլրդ. 920 մլն-ից ավելի գումար: Եվ գիտե՞ք , թե ովքեր են այդքան շռայլ եղել՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «Արդիշինինվեստբանկ» ՓԲԸ-ն եւ «Ղ տելեկոմ» ՓԲԸ-ն:

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, պատկանող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին նվիրատվություն իրականացրած անձանց թիվը ավելի շատ է: Այդ հիմնադրամին վճարել են Հայաստանում գործող բոլոր ազդեցիկ կազմակերպությունները՝ «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրացանցեր», «Գյումրիի քաղաքապետարան», «Երեւանի գարեջուր» ՓԲԸ, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ, որը պատկանում է ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին, «Մաքս կոնցեռն», որը պատկանում է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանին, «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, «Արփա Սեւան» ԲԲԸ, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, «Եվրոստան Ույուտ», որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն է, «Ավշարի գինու գործարան», որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է, «Արարատ բանկ», որը պատկանում է հայտնի «Ֆլեշ Բարսեղին»՝ Բարսեղ Բեգլարյանին»,-գրում է թերթը:

Թերթը նշում է նաեւ «Նորավանք», «Երեւան» հիմնադրամներին նվիրատվություններ կարտարողների անունները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում