Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը` օգոստոսի 14-ին, կկայանա Գործադիր մարմնի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ նիստը կսկսվի ժամը 20.00-ին, հնարավոր է քննարկվի Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը: Ռուբեն Թադեւոսյանի փոխանցմամբ` ԳՄ նիստին քննարկվելիք հարցերի օրակարգը դեռ ճշտված չէ:

Ի դեպ, վերջին ԳՄ նիստը կայացել էր մեկ ամիս առաջ: Դրանից հետո կուսակցության ղեկավար կազմը գտնվում էր արձակուրդի մեջ:  ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր է վերադարձել երեքշաբաթյա արձակուրդից:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից  25-ն ընկած ժամանակահատվածում:  Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ, թեկնածու կառաջադրեն, սակայն այդ հարցը կքննարկեն օրերս: Իսկ ԲՀԿ-ն, մեր տեղեկություններով, թեկնածու չի առաջադրելու: