Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, օգոստոսի 14-ին, տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը:

Դիտարկումը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեպար գյուղի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Եվգենի Շարովը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը:

Այս տարվա 7 ամիսների ընթացքում Ադրբեջանը 7960 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

Նշենք, որ 2012թ-ին Ադրբեջանն ավելի քան 16 300 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նոր «ռեկորդների» է հասնում.  եթե 2006թ-ին հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմը խախտել էր  մոտ 600 անգամ, ապա 2007թ-ին` մոտ 1400 անգամ, 2008 թ-ին` 3500 անգամ, 2009թ-ին գրեթե  4600 անգամ,  2010 թ-ին` 7200 անգամ, իսկ 2011 թ-ին` ավելի քան 12 600 անգամ: