Հայաստանում գնագոյացման պետական վերահսկողության եւ կարգավորման համար շուկայի ձեւավորման նոր սկզբունք է անհրաժեշտ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ շուկան պետք է ձեւավորվի պետական եւ մասնավոր սուբյեկտների միջեւ մրցակցության միջոցով:

«Որքան էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանը անօրինական հանձնաժողովներ ձեւավորեն, միեւնույն է, նրանք ստիպված են ազգայնացնել հասարակական տրանսպորտի առնվազն 50 տոկոսը»,-ընդգծեց մարքսիստը՝ կարծիք հայտնելով, որ դա պետական բյուջեն համալրելու նոր աղբյուր կդառնա:

Ինչպես նշել է Դավիթ Հակոբյանը, Հայաստանին պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաեւ նոր տնտեսական քաղաքականություն: «Ներկայումս հայ ժողովուրդը վտանգի մեջ է, անհրաժեշտ է համախմբվել՝ հանուն իշխանափոխության: Ցանկացած սոցիալական ապստամբություն քաղաքական արատների հետեւանք է»,-ամփոփեց գլխավոր մարքսիստը: