Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ` «Երեւանյան ամառ» ծրագրում ներառված քառօրյա ճամբար է մեկնարկել սահմանափակ կարողություններով երեխաների համար։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճամբարային առաջին օրը երեխաներն անցկացրել են Մանկական երկաթուղում։ Ճամբարի օրակարգն սկսվել է հատուկ մարմնամարզությամբ, ապա խմբավարների օգնությամբ երեխաները ձեռագործ աշխատանքներ են պատրաստել, նկարել են։ Ընդմիջումից հետո նրանք զբոսնել են գնացքով, անվճար օգտվել այգու կարուսելներից եւ մասնակցել ծրագրով նախատեսված մարզական խաղերին։ Ծնողները գոհունակություն են հայտնել Երեւանի քաղաքապետարանի եւ «Փյունիկ» միության համատեղ այս նախաձեռնության համար, հատկանշելով, որ նման միջոցառումները սահմանափակ կարողություններով երեխաներին բոլոր երեխաներին բնորոշ առօրյայում ներառելու եւս մեկ հնարավորություն են։
Ճամբարային երկրորդ օրը, մարմնամարզական հատուկ ծրագրով, երեխաները անցկացնելու են «Փյունիկ» միության լողավազանում, այցելելու են Ծիծեռնակաբերդ, իսկ հաջորդ օրերին՝ «Հաղթանակ» զբոսայգի, Կենդանաբանական այգի։





























