«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի երկրորդ օրը՝ օգոստոսի 13-ին, մեկնարկել են մշակութային (նկարչություն, պար) ներճակատային մրցույթները։ Հավաքի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը նշել է, որ «Բազեի» գեղարվեստական մրցույթներում մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երիտասարդներ։
«Յուրաքանչյուր մասնակից իր բուհում, մարզում կամ հասարակական կազմակերպությունում ակտիվ գործունեություն է ծավալում, եւ շատ կարեւոր է, որ նրանք այստեղ ծանոթանում են միմյանց հետ։ Այդ կապը պետության վաղվա ամրության գրավականն է»,- նշել է Էմին Թորոսյանը՝ հավելելով, որ ժյուրին պրոֆեսիոնալ է։
Մասնավորապես, այս տարի նկարչության մրցույթի ժյուրիի կազմում են հանրապետության վաստակավոր նկարիչներ Աշոտ Համաբարձումյանը, Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), Հրանտ Թադեւոսյանը (Թաթոս), ովքեր մեծ ավանդ ունեն մեր նկարչական դպրոցի կայացման գործում։ Էմին Թորոսյանը նշել է, որ անվանի նկարիչները նաեւ իրենց խորհուրդներով են օգնում երիտասարդներին եւ հանդես են եկել առաջարկով. «Նախնական պայմանավորվածություն ունենք ժյուրիի անդամների հետ, որ հավաքի մասնակիցներից մի քանիսին կհրավիրեն իրենց արվեստանոցներ, կանցկացնեն վարպետության դասեր»:
«Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթն անցկացրել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։ «Բրեյն ռինգ» խաղում հաղթող է ճանաչվել նարնջագույն ճակատը, իսկ լավագույն ինտելեկտուալ թիմը ներկայացրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից եւ սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։




























