Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում օրերս անսովոր ֆլեշ-մոբ է անցկացվել. M7 մայրուղի են դուրս եկել կիսամերկ աղջիկներ՝ ճանապարհային նշանները ձեռքներին, եւ վարորդներին կոչ են արել հետեւել արագության թույլատրելի ռեժիմին:
Աղջիկները սկանդալային FEMEN շարժման ակտիվիստուհիների նման մերկացել են մինչեւ գոտկատեղը: Ճիշտ է, նրանք ոչ մի բարձրագոչ քաղաքական կարգախոսներ չեն հնչեցրել, այլ միայն գլխավերեւում պահել են մեքենաների արագությունը սահմանափակող ճանապարհային նշանները՝ 40 կամ 60 կմ/ժամ: Ակցիան կազմակերպել է «Ավտոերթեւեկություն» ՀԿ-ն:
Ինչպես հաղորդում է քաղաքային «Ցանց-НН» հեռուստաալիքը, աղջիկները մայրուղի են ելել մարզի Վոլոդարսկիի շրջանում, այն վայրում, որտեղ վարորդներն առավել հաճախ են խախտում ճանապարհային կանոնները:
Ակցիան կարելի է հաջողված համարել, քանի որ այդ օրը ճանապարհի այդ հատվածում վթարներ չեն արձանագրվել: Վարորդներն իսկապես դանդաղեցրել են ընթացքը, թեկուզ աղջիկներին դիտելու համար:




























