Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչ Գոհար Չիլինգարյանը դեռ չի հայտնաբերվել, նա գտնվում է Հայաստանից դուրս: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Մեր տեղեկություններով` գործը գտնվում է նախաքննության փուլում, գործում շրջանակներում մեղադրյալներ դեռ չկան: Գոհար Չիլինգարյանին եւս մեղադրանք չի առաջադրվել: Նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի, երբ նախաքննությամբ հիմնավորվի նրա մեղավորությունը եւ մեղադրանք առաջադրվի:

Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ  փաստաթղթերը փոխանցել են համապատասխան մարմիններին, այժմ մանկապարտեզի աշխատանքը բնականոն հունի մեջ է:

Գյումրիի թիվ 16 մանկապարտեզում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սյուզի Հարությունյանը, մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարումը:  «Վերահսկողությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ամեն ինչ գրաֆիկով ընթանում է` երեխաների հիգիենիայի կանոնները, սնունդը` օրվա ճաշացանկով, որեւէ արտառոց բան չկա»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից  պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ  ունեցած պարտավորություների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը: Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված գումարը, ըստ նախապատրաստված նյութերի, յուրացման եղանակով հափշտակել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով : Քրեական գործի նախախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Հուլիսի 13-ին Գյումրիի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից: