Մոտ մեկ շաբաթ առաջ անհետացած Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը Գոհար Չիլինգարյանը դեռ չի հայտնաբերվել; Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնից:

Մեզ հայտնեցին, որ իրենք ռեսուրներ չունեն նրան հայտնաբերելու, այդ հարցով պետք է դիմենք իրավապահ մարմիններին: Գյումրիի քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ մանկապարտեզում ուսումնասիրություններն արդեն ավարտվում է, եւ իրենք պատրաստվում են ամեն ինչ հրապարակել: «Մենք հրապարակելու ենք ամեն ինչ` բոլոր դետալներով` ինչ խնդիրներ կան, թե կադրային, թե ֆինանսական, այս պահին ստուգվում են աշխատավարձերի ցուցակները, բանկային հարցումներ են կատարվում, երեւի երկուշաբթի ամբողջական պատկեր կունենանք: Ամբողջ երկրով ման ենք գալիս»,- հայտնեցին կրթության բաժնից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ լրատվամիջոցների հրապարակումների առնչությամբ դատախազությունում նյութեր են նախապատրաստվել, որոնք ուղարկվել են ոստիկանություն: Այժմ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Հուլիսի 13-ին Գյումրիի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից: Ահազանգից անմիջապես հետո քաղաքապետարանի աշխատակիցները գնացել են մանկապարտեզ, որովհետեւ սննդամթերքի մատակարարման խնդիրներ կային, դրանք կարգավորել են, ուսումնադաստիարակչական պրոցեսը եւս նորմալ է: «Այժմ մանկապարտեզում ուսումնասիրություններ են անցկացվում, դրանից հետո անմիջապես կհրապարակենք արդյունքները: Եթե համապատասխան մարմիններին որոշակի տեղեկացնելու հարցեր լինի, անպայման կասենք»,- ասաց նա:

Քաղաքապետարանից հայտնել են նաեւ, որ ֆինանսական, այդ թվում` աշխատակիցների աշխատավարձի գումարը վերցնելու եւ անհետանալու հարցով եւս ուսումնասիրություն է ընթանում: «Աշխատակիցները ամբողջովին ստացել են աշխատավարձը, բայց ուսումնասիրության արդյունքում կպարզենք` արդյոք ստացել են, թե ոչ»,- հայտնել էին քաղաքապետարանից: