Կահիրեից հակասական տեղեկություններ են ստացվում: Այնտեղ ոստիկանությունը ցրում է պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմկաիցների ճամբարները:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հաղորդում է, որ կա առնվազն 50 զոհված իսլամիստ: «Lenta.Ru»-ն բերում է Reuters-ի տվյալները, որոնց համաձայն, հաղորդվում է 100 սպանվածների մասին: Բոլոր աղբյուրները հաղորդում են Մուրսիի կողմնակիցների կողմից սպանված 2 ոստիկանների մասին:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, իսլամիստների դիպուկահարները Ռաբբա ալ-Ադաուիա մզկիթի մոտ կրակ են բացել իրավապահների ուղղությամբ:
Մինչ այդ «Մահմեդական-եղբայրներն» իրենց պաշտոնական կայքում հաղորդել են 200 սպանվածների մասին: Եգիպտոսի ՆԳՆ-ն կտրականապես հերքում է այդ տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է AP-ը, Նահդա հրապարակի ճամբարը ամբողջությամբ ցրվել է եւ լիովին վերահսկվում է իրավապահների կողմից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան եգիպտաան ոստիկանությունը սկսել է ցրել Մուրսիի կողմնակիցների երկու ճամբարները:
Կահիրեի ոստիկանությունը ցրում է Մուրսիի կողմնակիցների ճամբարները. Կան զոհեր




























