Մեծ ցավ ու վրդովմունք առաջացրեց համացանցում հայ հանրության սեփականությունը դարձած Ձեր նամակը՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին: Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը նման բովանդակությամբ բաց նամակ է հղել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որտեղ անդրադառնում է վերջինիս՝ Գարեգին Բ-ին ուղղված նամակին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարկ չհամարելով անդրադառնալ այդ նամակում տեղ գտած բազմաթիվ ու բազմապիսի աղաղակող սխալներին, անհիմն ձեւակերպումներին, անտրամաբանական եւ հակաբնական պնդումներին, ներկա իրողությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար կեղծելու փաստերին, արժանավոր հոգեւոր իշխանավոր երեւալու անսքող նկրտումներին եւ իրականությունը խեղաթյուրող այլ դարձվածքներին, այնուամենայնիվ, մերկապարանոց հայտարարություն արած չլինելու համար պարտքս եմ համարում Ձեզ եւ հանրությանը ներկայացնել իմ անհատական կարծիքը…

Միթե հարգարժան Պատրիարքը, քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի անցած բազմադարյա պատմությանը, որն անխզելիորեն կապված է Հայ եկեղեցու պատմության հետ, կարող է իրեն իրավունք վերապահել նման «դասեր» եւ գնահատական տալ երիտասարդ հոգեւորականներին: Ո՞վ է իրավունք տվել պատրիարքին նման բացասական գնահատականի արժանացնել Մայր աթոռի կրթական համակարգը…

Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում եւ մտահոգված ենք Նորվան սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, որտեղ կարող էիք բարձրացնել Ձեր դիրքորոշումը…

Ափսոսանքով ուզում եմ արձանագրել, որ Պատրիարքը անձնական փառասիրության, ինքնահաստատման հասնելու մոլուցքով տարված, անընդունելի մեթոդներով փորձ է անում սեպ խրել Մայր Աթոռի եւ Երուսաղեմի՝ նվիրապետական Աթոռի միջեւ: Ում ջրաղացին եք Դուք ջուր լցնում:

Նման գործելաոճը հիշեցնում է աղանդավորներին, որոնք իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն պառակտելու մեր սուրբ եկեղեցին, այլեւ խարխլելու մեր պետության հիմքերը…

Ավելի սրբապիղծ եւ ազգային պառակտմանն ուղղված քայլ, քան Հայ առաքելական եկեղեցին եւ նրա խորհրդանիշները վարկաբեկելու փորձերը, հնարավոր չէ մտածել…

Յուրաքանչյուր անձ պետք է կույր լինի, որպեսզի չտեսնի այն մեծագույն նվաճումները, որոնք ձեռք են բերվել Վեհափառ Հայրապետի ամերնօրյա քրտնաջան աշխատանքի եւ Եկեղեցուն անմնացորդ նվիրվածության շնորհիվ…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում