Հայտնի է դարձել երեկ` օգոստոսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացածի եւ տուժածի ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնից հայտնեցին, որ վթարի հետեւանքով մահացածը 23-ամյա Գարիկ Հարությունյանն է, ով Ապարանի Շենավան գյուղից է:

Իսկ վթարի հետեւանքով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված  «ԳԱԶ-3110»-ի վարորդը 36-ամյա Զոհրապ Կիրակոսյանն է:  Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն ծանր է, գտնվում է Ապարանի հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետեւանքով տուժածները ազգականներ են, դեպքի ժամանակ նրանք գնում էին Շենավան գյուղ:  Գարիկ Հարությունյանը ընտանիքում կրտսեր տղան է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը3 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզում օգոստոսի 14-ին, վթար է եղել, ինչի հետեւանքով կա զոհ եւ վիրավոր:

Քուչակ գյուղի տարածքում «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է բեռնատար մեքենային, ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի ուղեւորը մահացել է, իսկ վարորդը` տեղափոխվել Ապարանի հիվանդանոց: Վթարի հետեւանքով տուժած ուղեւորը մոտ 30-ամյա տղամարդ է, նա տրավմատիկ շոկով  այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է: Իսկ մահացածը, ոստիկանության փոխանցմամբ, մոտ 20 տարեկան էր:

Բեռնատար մեքենայի վարորդը Վրաստանի քաղաքացի է, նա վնասվածքներ չունի: