Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում մահացած Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր` օգոստոսի 16-ին, երեկոյան 18.00-ին, Արարատում գտնվող նրա տանը: Իսկ քաղաքապետի թաղումը կլինի հաջորդ օրը` օգոստոսի 17-ին, ժամը 13.00:-ին Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Նա նշեց, որ պարբերաբար այցելում էր Արարատի քաղաքապետին` թե վիրահատությունից առաջ, թե դրանից հետո, մահանալուց մեկ օր առաջ եւ մահանալու օրը եւս մարզպետը եղել է հիվանդանոցում, զրուցել հարազատների հետ:
Վիրահատությունից հետո մարզպետին չի հաջողվել տեսնել Աբրահամ Բաբայանին, քանի որ նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, «վիրահատել են, գիտակցությունը կորցրել է եւ այլեւս գիտակցության չի եղել»: Դեպքին նախորդած գիշերը նրա վիճակը վատացել էր, ճնշումը բարձրացել էր:
Իսկ մինչ վիրահատությունը, մարզպետի խոսքով, Աբրահամ Բաբայանը նորմալ էր, տրամադրությունը նորմալ էր, լավատես էր տրամադրված, մտադիր էր ապաքինվել եւ վերադառնալ աշխատանքին:
Մարզպետը տեղեկացրեց, որ Աբրահամ Բաբայանը հունիսի սկզբից իրենից արձակուրդ էր խնդրել` բուժական նպատակներով արտերկիր մեկնելու համար, սակայն այդ ժամանակը նա իրեն թույլ չէր տվել շատ հետաքրքրվել: Դրանից հետո Աբրահամ Բաբայանը մեկնել էր Գերմանիա, վիրահատվել եւ վերադարձել էր Հայաստան: Որոշ ժամանակ իրեն լավ էր զգում, բայց հանկարծակի վատացավ նրա առողջական վիճակը: Մարզպետը շեշտեց, որ Աբրահամ Բաբայանը շատ լավ քաղաքապետ էր, քաղաքը միշտ բարեկարգված, մաքուր վիճակում էր պահում, պարտաճանաչ կատարում էր բոլոր վճարումները, օրինակելի ղեկավար է: Էդիկ Բարսեղյանը ցավակեց Աբրահամ Բաբայանի բոլոր հարազատներին, արարատցիներին նրա մահվան կապակցությամբ
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են: «Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատեությունից հետո տեսել եմ, ծանր վիճակում, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար, բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասել է Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան:
Նշենք, որ Աբրահամ Սուրենի Բաբայանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին Արարատ քաղաքում: 1965թ հաճախել է Արարատ քաղաքի թիվ 2-րդ դպրոցը: 1975թ. ավարտելուց հետո աշխատել է N1 շին. վարչությունում որպես բանվոր: 1976-1978թթ ծառայել է խորհրդային բանակում: Սովորել եւ ավարտել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի «Հաշվապահական հաշվառում» բաժինը, ստացել է հաշվապահի որակավորում, այնուհետեւ ընդունվել Գյուղակադեմիայի «Խմորում եւ գինու տեխնոլոգիա» բաժինը, ստացել ճարտարագետ-տեխնոլոգ որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի քաղառում` բանվորից մինչեւ Արարատի քաղաքի տնօրեն, մինչեւ 1993թ.: 1993թ-ի դեկտեմբերից մինչեւ 1994թ. նշանակվել եմ ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Այգավանի կոնյակի գործարանում որպես իրացման գծով փոխտնօրեն: 1994թ. ապրիլ ամսից պարենի եւ մթերումների նախարարի հրամանով նշանակվել է Այգավանի կոնյակի գործարանի տնօրեն` մինչեւ 1998թ. հունիս ամիսը: 1998թ. հունիս ամսին ընտրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: 1998թ-ի դեկտեմբեր ամսին ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն:
1992թ. ընտրվել է «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբի նախագահ:
1998-ից 2000թ. ՙ«Ցեմենտ» ֆուտբոլային թիմը եղել է Հայաստանի կրկնակի չեմպիոն,1999թ.` բրոնզե մեդալակիր, 1998-1999թ.թ. կրկնակի գավաթակիր, 1998-2000թ.թ. սուպեր գավաթակիր, 1999թ ՀՀ «Արդար խաղի» մրցանակակիր է, 2000թ. պարգեւատրվել է օլիմպիական միջազգային կոմիտեի կողմից պատվոգրով :
1999թ.-ին ստեղծել է «ՖԱ» Արաքս ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն է մինչեւ օրս: 2002թ. հունիս ամսից ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով նշանակվել է Արարատի էլցանցի պետ: Դեկտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
2004թ. նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- ի հրավերով նորից նշանակվել է Արարատի շրջանի Էլցանցի պետ եւ աշխատել է մինչեւ Արարատի քաղաքապետ ընտրվելը, 2007թ. հուլիսի 1-ը: Նա ամուսնացած է ունի երեք երեխա եւ երեք արու թոռնիկ:





























