Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրաձել է Թուրքիային հուզող մի շարք խնդիրների, այդ թվում ԱՄՆ-ի եւ Շվեդիայի կողմից հայկական օրինագծերի ընդունմանը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Թուրքական dunyabulteni-ի փոխանցմամբ` Գյուլը հիշեցրել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ընթացքում նշել է, որ դարասկզբին ողբերգությունները երկկողմանի են եղել: «Իհարկե տեղի ունեցած իրադարձությունների համար տխուր ենք, երանի չլինեին: Բայց մենք չենք կարող ընդունել, որ դա պետության կողմից կազմակերպած ցեղասպանություն էր: Թող ստեղծվեն պատմական հանձնաժողովներ եւ բացենք մեր արխիվները: Թող մյուսներն էլ բացեն: Ռուսների արխիվներն էլ կարեւոր են: Մեր կոշտ արձագանքն ուղղված է հիշյալ իրադարձությունների քաղաքականացման դեմ: Ցեղասպանության նախագծերը Կովկասում խաղաղությանը արգելակող որոշումներ են, բայց մենք խաղաղության համար մեր ջանքերը վճռականորեն շարունակելու ենք: Դժվար խնդիրները երբեմն անձայն դիվանագիտությամբ են կարգավորում»,-նշել է Գյուլը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է Գյուլը տեսնում հայ-թուրքական արձանագրությունների ապագան, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի: Թուրքիան արձանագրությունների հարցում Հայաստանից ավելի առաջ է: Մենք միանգամից խորհրդարան ուղարկեցինք: Հայաստանի Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում ընդունեց, որ կարծես նորից կազմեց արձանագրությունները: Բայց դրանք բոլորը դիվանագիտական ճանապարհով լուծվող խնդիրներ են: Ըստ խնդիրների դժվարության` որոշ թեմաներ անձայն դիվանագիտությամբ կլուծվեն, բայց ոչինչ մահացած չէ»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Ի դեպ, Գյուլի հայտարարությունը եւս մեկ անգամ թույլ է տալիս մտածել, որ Թուրքիան իրոք մինչապրիլյան հերթական դիվանագիտական ժեստերի մեջ է:



























