Արտակարգ իրավիճակների եւ Կապի ու տրանսպորտի նախարարների հետկանչման որոշումը կայացվել է «Օրինաց երկիր» կուսակցության կողմից, եւ որեւէ պարտադրանք չի եղել, ինչպես նշվումէ ԶԼՄ-ներում: Այդ մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա պնդմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է ներկուսակցական բարեփոխումներով, որոնցով զբաղվելու են հենց նախկին նախարարներ Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը: Բաղդասարյանը հայտնել է, որ Շահգելդյանը զբաղվելու է քաղաքական եւ հանրությանը իրազեկելու հարցերով, իսկ Գուրգեն Սարգսյանը՝ տնտեսական:
«Օրինաց երկիրը» նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմաթիվ տնտեսական բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է կյանքի կոչվեն, եւ Գուրգեն Սարգսյանը զբաղվելու է այդ հարցերով",- հավաստիացրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ կադրային փոփոխություններում սենացիաներ փնտրել պետք չէ:
Ինչ վերաբերում է նոր նշանակումներին՝ Բաղդասարյանը հայտնել է, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ, արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանի հետ կապված է բարեկամական հին կապերով: «Մենք միասին ենք դոկտորական պաշտպանել, անգամ միասին գիրք ենք գրել»,- ասել է ՕԵԿ առաջնորդը: Վերջինս նաեւ ընկերություն է անում Մանուկ Վարդանյանի հետ: Ըստ Բաղդասարյանի՝ այդ նշանակումները վաղօրոք համաձայնեցված են եղել երկրի նախագահի հետ:
Ըստ Բաղդասարյանի՝ նշանակումից առաջ՝ ուշ երեկոյան Վարդանյանն ու Երիցյանը համալրել են կուսակցության շարքերը: Բաղդասարյանն ասել է, որ գոհ է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի աշխատանքից, իսկ վարչապետի եւ նախարարի միջեւ որեւէ կոնֆլիկտ չկա:


























