Այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով Թբիլիսիի օդակայանում լրագրողներին հայտնել է, որ իր բացակայության ընթացքում կուտակվել են հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ «Դրանք Վրաստանի ներքաղաքական կյանքին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, հակամարտող տարածաշրջանների շուրջ ստեղծված իրավիճակին, ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգմանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցին առնչվող հարցերն են, սակայն կոնկրետ արդյունքների մասին ես կարող եմ խոսել միայն հանդիպումներից հետո»,- հայտարարել է նա։

Այցի ընթացքում Սեմնեբին կհանդիպի Վրաստանի ղեկավարության, ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Սեմնեբին չի բացառել, որ այցի ընթացքում կայցելի Ցխինվալ ու Սուխում՝ այդ հանրապետությունների ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։