Մարտի 15-ին Օքսֆորդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովը (Oxford Summit of Leaders), որին ելույթ է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական բիզնես ասամբլեայի (Europe Business Assembly) կողմից կազմակերպող գագաթնաժողովն այս տարի նվիրված է եղել Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրին, հատկապես` դրա մասնակից եւ ԵՄ երկրների միջեւ կրթական եւ տնտեսական համագործակցությանն ու ներդրումային հնարավորություններին:
Դեսպան Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ՀՀ անկախությունից ի վեր ծավալված համագործակցությունը, մասնավորապես` Եվրոպական հարեւանության ծրագրի եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ձեռնարկված քայլերը, այդ համագործակցության խորացման նպատակով Հայաստանում համապատասխան կառույցների ձեւավորման եւ աշխատանքների կատարման ընթացքը:
Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան քսան երկրներից ժամանած քաղաքական, կրթական, գիտական եւ տնտեսական ոլորտների առաջատար ներկայացուցիչներ:



















