Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ՛Ֆարելը եւ տեղական խորհրդարանի այլ անդամներ հակադարձել են Թուրքիայի կառավարության՝ Գալիպոլիի իրադարձությունների հարյուրամյա տարելիցի արարողություններին նրանց մասնակցությունը արգելելու սպառնալիքներին: Այդ մասին գրում է ավստրալակն «Էյ Բի Սի» կայքը:
Թուրքիայի սպառնալիքները հնչեցին այն բանից հետո, երբ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը մայիսին միաձայն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում էր 1915-1922 թթ. ընթացքում Օսմանյան Թուրքիայում հայերի,ասորիների ու հույների ցեղասպանության փաստը:
Բարրի Օ՛Ֆարելը ընդգծել է, որ փաստերը չի կարելի հերքել: «Որքան սարսափելի միջոցներով Թուրքիայի գլխավոր դեսպանը դատապարտեց ազատությունը, որի համար 1915թ. պայքարում էին Գալիպոլի թերակղզում: Ճշմարտությունը մարդկանց ազատ է դարձնում, պատմությունը երբեք չպետք է հերքվի, հակառակ դեպքում այն, թերեւս, կկրկնվի»,- հայտնել է վարչապետը:
Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանը, ով հայկական ծագում ունի, նույնպես հանդես է եկել Թուրքիայի դիրքորոշման դեմ: «Մեզ՝ ավստրալացիներիս, այսքան յուրահատուկ դարձնում է մեր հայացքները ազատ արտահայտելու կարողությունը՝ անկախ այն հանգամանքից, դու խորհրդարանի պատգամավոր ես, թե՝ հասարակության ներկայացուցիչ: Հենց այդ ազատության համար էին 1915թ.-ին պայքարում Գալիպոլիում»,- ընդգծել է նա:





























