Իրանը Ռուսաստանի հետ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների համատեղ շինարարությունն արագացնելու մասին համաձայնագիր է պատրաստում։ Նախագծի մասին չորեքշաբթի պետական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Ըստ Քամալվանդիի՝ Թեհրանը մտադիր է զարգացնել ատոմային էներգետիկան՝ էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի աճի պայմաններում։ Պահանջարկի ավելացմանը նպաստում են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի անցումը։
Ներկայում աշխարհում ատոմակայաններում արտադրվում է շուրջ 400 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ Իրանին բաժին է ընկնում մոտ 1000 մեգավատը, հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը։ Ըստ ներկայացված ծրագրերի՝ ատոմային էներգետիկայի համաշխարհային հզորությունները պետք է եռապատկվեն։ Դրա համար անհրաժեշտ կլինի կառուցել մոտ 1200 էլեկտրակայան, որոնք իրենց մասշտաբով համադրելի կլինեն Իրանի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի հետ։
Քամալվանդին փոքր մոդուլային ռեակտորները հեռանկարային տեխնոլոգիա է անվանել, քանի որ դրանք կարելի է սերիական արտադրել և տեղադրել էներգետիկ պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քանակով։
«Մենք նաև լավ դիրքերում ենք փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանն աշխատում է Ռուսաստանի հետ արձանագրության ստորագրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արագացնել նման կայանքների համատեղ շինարարությունը։
Ըստ Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի՝ Իրանի միջուկային ոլորտը հասել է լիարժեք հասունության, իսկ երկիրը սկսել է ինքնուրույն ատոմակայաններ կառուցել։





























