Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ օգոստոսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, օգտագործելով առկա ներուժը, իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Ֆիլիպինների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է Ֆիլիպինների հետ հարաբերությունների խորացումը եւ պատրաստակամ է դրան միտված  համատեղ նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը դեսպան Ալեխանդրո Մոսկերան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը, որպեսզի հետեւողական եւ համատեղ աշխատանքի արդյունքում երկու երկրների միջեւ հարաբերությունները նոր որակ ստանան: