ԱՄՆ-ն վաճառելու է 12 տարիների ընթացքում Աֆղանստանում իրականացված ռազմական գործողության ընթացքում կուտակված հանդերձանքը: «Պետլիկվիդացիա» կոչվող օնլայն-աճուրդում վաճառքի են հանված քնապարկեր, դեղատուփեր, անգամ՝ ռազմական ջիպեր:

Մեքենայի մեկնարկային գինը 25 դոլար է: Հիշեցնենք, որ մինչեւ մյուս տարվա վերջ ԱՄՆ-ն ծրագրում է դուրս բերել զորքերն Աֆղանստանից:

«Զորքերին դուրս բերելու այս ընթացակարգը պատմության մեջ ԱՄՆ-ի համար ամենաթանկը կլինի: Հայրենիք պետք է վերադարձնել 35 հազար տրանսպորտային միջոց եւ մոտ 95 հազար ծովային կոնտեյներ: Նախնական գնահատականներով՝ միայն կոնտեյների տեղափոխումը կարժենա 237 մլն դոլար: Ցամաքով տեղափոխելու դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի բարձր տուրքեր վճարել Աֆղանստանի եւ Պակիստանի մաքսատներին: Այդ պատճառով էլ որոշում է կայացվել վաճառել տեխնիկայի մի մասը»,-գրում է «Իզվեստիան»:

Ամերիկացիներն առաջին անգամ չէ, որ այդ կերպ են վարվում: Նման սխեմայով են առաջնորդվել նաեւ Իրաքից զորքերը դուրս բերելիս: ՆԱՏՕ-ն խորհուրդ հարցնելու համար դիմել է նաեւ ռուսական պաշտպանության նախարարությանը. դաշինքում մտավախություն ունեն, որ աֆղանները կարող են հարձակվել սպառազինությամբ քարավանների վրա եւ խնդրում են կիսվել 1989թ խորհրդային զորքերը դուրսբերելու փորձով: