Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին:
Ազգային պարկի ստեղծումը երեք ծրագրերից մեկն է, որ վարչապետի հանձնարարությամբ պետք է գտնվի բնապահպանության նախարարի հսկողության ներքո: Ըստ նախագծի պատասխանատուների` կատարվել է լուրջ աշխատանք, եւ շոշափելի արդյունքներն ակնկալվում են արդեն տարվա վերջին:
Ծրագիրն ունի երկու հատված` ներդրումային ծրագրի մասնաբաժին եւ համայնքային զարգացման ծրագրեր: Վարչապետին զեկուցել են, որ գործընթացները համադրելու համար արվել է հնարավոր ամեն ինչ: Ծրագիրը ֆինանսավորվում է KFW բանկի եւ համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Այն իրականացնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է մասնավոր հատվածի ներգրավմամբ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որը կլինի յուրատեսակ բիզնես մոդել: Այն կզբաղվի գյուղացիներից գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերմամբ ու վաճառքով:
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարական է տվել պատկան գերատեսչություններին` ստեղծել նպաստավոր պայմաններ ծրագրի իրականացման համար:



















