Սանկտ Պետերբուրգում «Մեծ քսանի» գագաթաժողովում Պուտինի եւ Օբամայի հնարավոր հանդիպման շուրջ նորից անորոշություն է տիրում: Այդ հանդիպման մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:  Գագաթաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում` 2013թ. սեպտեմբերի 5-6-ին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  Քարնին նշել էր, որ G20-ի շրջանակում այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ Օբամայի հանդիպումների օրակարգը դեռ համաձայնեցված չէ: Դա տեղի կունենա առաջիկայում:

Սակայն,  Քարնիի հայտարարությունից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի աշխատակազմում նորից ինչ-որ բան «փոխել էին», եւ արեւմտյան տեղեկատվական գործակալությունները գրել էին` թե կհանդիպի՞ արդյոք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին  G20 գագաթաժողովի ընթացքում, դեռ պարզ չէ:

«Օբաման Պուտինին կտեսնի G20 գագաթաժողովում, սակայն տեղի կունենա՞ արդյոք  հանդիպում, հայտնի չէ», - գրել է Reuters-ը: Քարնին լրագրողներին հայտնել էր, որ Օբաման անպայման կտեսնվի Պուտինի հետ, ինչպես եւ G20-ի երկրների առաջնորդների հետ, քանի որ գագաթաժողովը տեղի է ունենում Ռուսաստանում: Սակայն Քարնին ուղղակի չի պատասխանել Օբամայի եւ Պուտինի առանձին հանդիպման մասին հարցին,  գրում է The Moscow Post-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդները ծրագրել էին հանդիպել Մոսկվայում` մինչ գագաթաժողովի սկսվելը: Սակայն այնուհետեւ Օբաման չեղյալ էր հայտարարել այդ այցը` ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: