Մենք ի վիճակի ենք եւ պարտավոր ենք տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաեւ այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս մասին Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ  Կառավարության մամուլի ծառայությունից, նույն հանդիպման ժամանակ, շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ`վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած եւ ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ եւ բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետեւել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, եւ մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանը պաշտոնական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: