Անկախության 22 տարիների ընթացքում ԼՂՀ ժողովուրդն աշխարհին ապացուցել է սեփական պետություն ունենալու եւ զարգացնելու իր վճռականությունն ու իրավունքը: Այս մասին նշված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«1991թ. սեպտեմբերի 2-ը պատմական եւ շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ողջ հայության համար։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք եւ ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ եւ անկախ։ Արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին։
Այսօր ԼՂՀ–ում մեծանում է անկախության սերունդը, որն ամուր կանգնած է իր հողի վրա եւ պայքարում է իր պետությունում ժողովրդավարության զարգացման համար։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին եւ համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 22–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։
Մենք վստահ ենք, որ արյան եւ մաքառումի գնով ձեռք բերված ԼՂՀ անկախությունը արժանանալու է միջազգային ճանաչման`լիահույս ենք, որ արցախցին եւ ողջ հայությունը կհասնեն նաեւ այդ բաղձալի հաղթանակին»,-ասված է «Ազատ դեմոկրատների» շնորհավորական ուղերձում:





























