Մարտի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ընդունել է քաղաքավարական այցով ՀՀ դեսպանություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում Նիկոլայ Բորդյուժան, շնորհավորել է Օլեգ Եսայանին՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նիկոլայ Բորդյուժան դեսպանին է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկացրեց կազմակերպության առաջնային խնդիրների եւ իրականացվելիք ծրագրերի մասին։ Իր հերթին, դեսպան Եսայանը, ողջունելով հյուրին, կարեւորել է ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրումը։

Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել կազմակերպությունում Հայաստանի դերն ու նշանակությունը եւ արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները։

Օլեգ Եսայանը շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ։