Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
ՀՀ վարչապետը եւ Բակո Սահակյանն այնուհետեւ այցելել են հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Տիգրան Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահը ծաղիկներ են դրել նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:





























