Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկն այցելության ժամանակ:
Նա շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել եւ շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Հանրապետությունում մեծ ոգեւորությամբ տոնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը, որն արձանագրում է պետական ձեւավորման 22-րդ տարեդարձը:
Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլեւ մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ հայ ժողովրդի ապագան, որովհետեւ սա պայքար է հայկական ինքնության համար, եւ դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք գտնվում: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք այն հաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀ-ն ձեւավորելու ճանապարհին: Մենք պետք է արժանի լինենք զոհված ազատամարտիկների հիշատակին` հենց մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀ-ի պետականությունը»:
Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման եւ այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջին կարեւորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է: «Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերները: ՀՀ կառավարության ղեկավարը դիմելով զինվորներին` նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարեւորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը: «Այդ առումով, մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք»:
ՀՀ կառավարության ղեկավարն այսօր երեկոյան մասնակցելու է ԼՂՀ-ի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:




























