5 ամիս առաջ սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի ընթացքի մասին  ամեն շաբաթ զեկուցվում է նախագահ Սերժ Սարգսյանին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ ոստիկանությունում այս անգամ իրենց ընդունել է Քրեական հետախուզության վարչության  պետ Արամ Զախարյանը եւ Հարությունյանը: «Դա իրենց հերթական աշխատանքների ներկայացումն էր: Առաջին անգամը չէ, որ մենք փորձում ենք ոստիկանությունից պարզաբանումներ ստանալ: Մի քանի առիթներ եղել են եւ ոստիկանապետի, փոխոստիկանապետերի եւ Զախարյանի հետ: Մեզ հավաստիացնում են, որ  բոլոր հնարավոր քայլերն արվում են եւ, որ իրենց խանգարող որեւէ ճնշում չկա, սակայն դեռ շոշափելի եւ ռեալ արդյումքներ մեզ չկարողացան ներկայացնել:

Բացի այդ, Պռոշյան համայնքում կան մարդիկ ովքեր ավելին գիտեն, քան ասում են»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը: 

Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու Վովա Սահակյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանությունից փոխանցել են, որ խոսակցությունները, թե գործը հասել է փակուղային վիճակի, ճիշտ չեն: «Ասացին, որ կան նոր նյութեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Ստացանք հավաստումն այն բանի, որ գործընթացը գնալու է եւ մեզ պարբերաբար տեղյակ են պահելու: Մենք էլ ասացինք, որ պահանջատեր ենք լինելու: Սա առաջին  ծիծեռնակն է: Շատ քաղաքակիրթ հերթական պահանջներն ու ակցիաներն ենք կատարելու: Այնպես, որ կսպասենք մի կարճ ժամանակահատված եւ կսպասենք ինֆորմացիայի, որը եթե մեզ չբավարարի մեր ընկերներին եւ համագյուղացիներին կտեղեկացնենք հաջորդ ակցիաների տեղի ժամկետի եւ հասցեի մասին»,- ավելացրեց Վովա Սահակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նալբանդյան փողոցում գտնվող Հայաստանի Ոստիկանության շենքի մոտ այսօր` սեպտեմբերի 2-ին, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պահանջում են Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով արդար դատաքննություն իրականացնել: Հիշեցնենք, որ Պռոշյանի 50-ամյա գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ: Սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին ապրիլի 5-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի, 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը):