Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` Թուրքիայից այնտեղ ապօրինի գտնվող հայաստանցիներին վտարելու մասին, բուռն արձագանք է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Թուրքիայում: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է նման բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն անել: Սակայն, ցավոք, սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան հանդես է գալիս նման հայտարարությամբ: ԱԳ նախարարի ներկայացմամբ, հենց նմանատիպ հայտարարությունով է սկսվել հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հայերի ջարդերը ադրբեջանական Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

Նման հայտարարությունները, ըստ Է. Նալբանդյանի, վնաս են հասցնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, բայց Երեւանը հույս ունի, որ Անկարայում կհաղթի սթափ մտածողությունը, եւ նա կսլի միջազգային հանրությանը, որը պահանջում է Հայաստանի հետ բարելավել հարաբերություններն առանց շանտաժի, սպառնալիքների եւ նախապայմանների:

«Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախաձեռնողն է եղել եւ, չնայած շատ դժվարություններին, մենք առաջընթաց գրանցեցինք եւ ստորագրեցինք արձանագրությունները: մենք հիմա էլ պատրաստ ենք առաջ գնալ, բայց դա կախված է Թուրքիայից: Ժամանակը ցույց կտա»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: