Սեպտեմբերի 4-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, որի առթիվ ԱԻՆ-ը ներկայացրել է 2013 թվականի իր ձեռքբերումները:

Նոր մասնաշենք «Արտակարգ» քաղաքում

ՀՀ ԱԻՆ նոր, 9-հարկանի մասնաշենքը կառուցված է նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու միջազգային չափանիշներին համապատախան։ Այստեղ տեղակայված է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Աշխատատեղեր հաշմանդամների համար

ՀՀ ԱԻՆ համակարգում աշխատում է հաշմանդամություն ունեցող 26 անձ, որոնց համար «Արտակարգ քաղաքում» ստեղծված են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

ԱԻՆ օդանավակայան

ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցվել ՀՀ ԱԻ նախարարությանը: Օդանավակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում եւ արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում հիմնվում է ՀՀ եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոն։

«Լուսակերտ» վարժահրապարակ

Սա տարածաշրջանային նշանակության եւ միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազա է` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաեւ տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։ Կենտրոնն ունի ժամանակակից լսարաններ, հյուրանոց, մարզադահլիճ, լողավազան եւ տարբեր պատահարների նմանակման տեղամասեր։

Գառնու դիտարանը` տարածաշրջանային գիտական կենտրոն

ՀՀ կառավարության որոշմամբ Գառնու երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻ նախարարությանը: Դիտարանի զարգացման ծրագրի համաձայն` այն արդիականացվում է եւ մոտ ապագայում վերածվելու է գիտական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի։

ԱԻՆ մշակույթի կենտրոն

Գարնանը բացվել է ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնը` նախատեսված ԱԻՆ համակարգի աշխատակիցների երեխաների եւ թոռների գեղագիտական կրթության եւ ժամանցի համար։ Ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Գործում են վոկալի, նկարչության, տարբեր ոճի պարերի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ:

Ճգնաժամային կառավարման կենտրոններ մարզերում

ԱԻ նախարարի հրամանով ճգնաժամային կառավարման կենտրոններ են բացվելու ՀՀ բոլոր մարզերում, իսկ հինգ մարզերում գործելու են նաեւ «911» ծառայության արձագանքման կենտրոններ: Հիմնական նպատակն է մեծացնել արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։

Ավելացել է սեյսմիկ կայանների թիվը

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի եւ ՀԱԷԿ-ի միջեւ ստորագրվել է եռակողմ պայմանագիր։ Հիմնական նպատակը «Երեւան-ՀԱԷԿ» հեռաչափական համակարգի միջոցով սեյսմոլոգիական տվյալների ստացման եւ փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի եւ շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունն է։ Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք է բերվել 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ, որոնք տեղադրվել են ՀԱԷԿ-ի շուրջը։

Վերազինվել է հատուկ ջրափրկարարական ջոկատը

Հատուկ ջրափրկարարական ջոկատը համալրվել է «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենայով, որը զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով (շարժիչով եւ լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային եւ ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ եւ այլն)։

Ստեղծվում է սերվերային կենտրոն

ՀՀ ԱԻՆ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստեղծում է ամուր հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար։ Համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ ԱԻ նախարարությանը` սերվերային տնտեսության ստեղծելու համար։ Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման եւ այլ համակարգերով, որոնք կապահովեն սարքավորումների անվտանգ պահպանումն ու անխափան աշխատանքը։ Այստեղ կլինի նաեւ աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաեւ ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։ Այս ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ։