Վերջին շրջանում ակնհայտ կերպով սաստկացել են ինչպես ոստիկանության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի եւ քրեական տարրերի հետապնդումներն ու սպառնալիքները Նախախորհրդարանի անդամների ու աջակիցների նկատմամբ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Նախախորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դրանց թվում հատկանշական են Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսեսյանի ու  Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ոստիկանության հետապնդումերը, Նախախորհրդարանի աջակիցներ Տաթեւ Մայիլյանի ու Շողիկ Մելքոնյանի նկատմամբ  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի սեռական բնույթի վիրավորանքն ու սպառնալիքները, Ծածկած շուկայի համար պայքարող Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի, ակտիվիստներ Լեւոն Ստեփանյանի, Տաթեւ Մայիլյանի, Սոնա Մարգարյանի եւ Շողակաթ Հախվերդյանի, ինչպես նաեւ մի շարք ակտիվիստ արվեստագետների նկատմամբ Ս. Ալեքսանյանի շրջանակի անձանց կողմից զանգվածային հետապնդումներն ու սպառնալիքները, Հայազն կուսակցության ներկայացուցիչների կողմից նույն Տաթեւ Մայիլյանի եւ Լեւոն Ստեփանյանի նկատմամբ սպառնալիքներն ու սադրանքի միջոցով նրանց հետ բախումներ հրահրելու փորձերը:

Հետապնդումների, սպառնալիքների եւ բռնության այս շարքի բարձրակետը դարձավ երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում Նախախորհրդարանի անդամ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա կատարված հարձակման դեպքը: Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը եւ Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երեւանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:

Նախախորհրդարանը դատապարտում է վարչախմբի, նրա ուղղորդմամբ գործող կեղծ քաղաքական ուժերի ու քրեական տարրերի համակարգված ճնշումը եւ բռնությունն իր անդամների ու աջակիցների նկատմամբ:

Նախախորհրդարանը հայտարարում է, որ չի ընկրկելու կեղծ բազմազանությամբ դրսեւորվող, սակայն իրականում միասնական կառավարմամբ գործող հանցավոր համակարգի հարձակումներից եւ հետեւողական կերպով հասնելու է ազգային ու մարդկային արժեքների  վրա հիմնված նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործմանը»: