«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը  հայտարարություն է տարածել, որտեղ կեղծ է անվանել ՀԱԿ քաղխորհրդի եւ «ՄԻ-96» կուսակցության վարչության համատեղ հայտարարությունը:

ՀԱԿ կուսակցության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայ ազգային կոնգրես»-ի անունից հայտարարություն է տարածվել Երեւանի «Փակ շուկայի» շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունը կեղծ է:

Հայտնում ենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են»:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ ՀԱԿ քաղխորհուրդը եւ «ՄԻ-96» կուսակցության վարչությունը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ «Փակ Շուկա»  հուշարձանի  ավերման գլխավոր մեղավորը ԲՀԿ-ն է, որի խմբակցությունը Երեւանի ավագանիում իր «ընդդիմադիր» անգործությամբ շարունակում է սրբագրել ՀՀԿ-ական ավերածությունները մայրաքաղաքում:

«Ավելին, դեռեւս 2012թ.-ի  հունիսին, «ՀԱԿ» խմբակցության «Փակ  շուկայի ճակատագրի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու  մասին» նախաձեռնության առաջին տապալողը  հենց  ԲՀԿ-ն է եղել:

Թերեւս, պատահական չէ նաեւ, որ  այդ կուսակցությանը տեղից չի շարժում անգամ այն  հանգամանքը, որ ՀՀԿ-ականները  «Փակ շուկա»-ի խնդիրն օգտագործում են քաղաքացիական ընդհարումներ հրահրելու համար: Հավանաբար, չեն էլ հասկանում անգամ իրենց պատասխանատվությունն այս գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, համատեղ հայտարարությունն արվել է ՀԱԿ դաշինքի անունից, այլ ոչ՝ ՀԱԿ կուսակցության: