Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանների մասնաշենքերից մեկը հնարավորին կարճ ժամկետում կփոխանցվի համայնքի ենթակայությանը եւ քայլեր կձեռնարկվեն բնակիչների կողմից բնակարանների սեփականաշնորհման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մեկ մասնաշենքում արդեն իրականացվել է սեփականաշնորհման գործընթացը, եւ բնակիչներին տրվել են վկայականներ: Երկրորդ մասնաշենքում մենք դեռ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այդ քաղաքացիների բնակարանների սեփականաշնորհման խնդիրները եւս լուծել»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նա նաեւ հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկություն ներկայացնել հանրակացարանային շենքերի գազիֆիկացման հնարավորության մասով: