Մաքսային միության ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում տապալվելու է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մաքսային միությանը միանալու դեմ սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ ընթացող բողոքի ակցիայի մասնակից, Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը։
«Այդ ծրագիրը տապալվելու է։ Ռուսաստանը նման ռեսուրսներ չունի, պարզապես ձգտում է շանտաժով ու ճնշումներ գործադրելով վերականգնել երբեմնի Խորհրդային Միությունը»,- ասել է Կիվիրյանը։
Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում իշխանական վերնախավի այն պնդումները, թե այս քայլով Հայաստանն իր անվտանգության խնդիրն է լուծում՝ հաշվի առնելով, որ դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Կիվիրյանը պատասխանել է.
«Հենց նման միության մեջ մտնելն է սպառնում Հայաստանի անվտանգությանը։ Ռուսաստանն այսօր զինում է Ադրբեջանին եւ Հայաստանի համար տարբեր խնդիրներ ստեղծում։ Հայաստանը վտանգում է իր անկախությունը, ուրիշ ինչ ավելի մեծ վտանգ կարող է լինել մեր երկրի համար, քան մեր պետականության, մեր սուվերենության սահմանափակումը։ Արցախի պատերազմում հաղթել է հայ ազգը, որովհետեւ փորձել է ինքնուրույն լուծել իր խնդիրները՝ հույսը չդնելով ուրիշների վրա։ Պատերազմի վերսկսման դեպքում նոր հաղթանակը կախված է նրանից՝ կկարողանանք արդյոք ինքնուրույն լուծել մեր խնդիրները։ Իսկ սահմանափակված սուվերենությամբ Հայաստանը երբեք չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը»,- ասել է Կիվիրյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























