Դիլիջանի միջազգային դպրոցում կսովորեն նաեւ երեխաներ Թուրքիայից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վերոնիկա Զոնաբենդին, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի կինը:
Թուրքիայից կժամանեն 4 երեխաներ, որից՝ 1 քուրդ եւ 1 հայ: Վ. Զոնաբենդիի խոսքով՝ սա վկայում է դպրոցի միջազգային բարձր հեղինակության մասին, ինչպես նաեւ ապագայում կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
Նշենք, որ Ռ. Վարդանյանի եւ Վ. Զոնաբենդի հետ մեկտող դպրոցի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ Դանիլ Խաչատուրովը, Նուբար Աֆեյանը, Վլադիմիր Ավետիսյանը, Գագիկ Ադիբեկյանը, Զիյավուդին Մագոմեդովը:
Դպրոցի նվիրատուներից են Մայքլ Օբերմայերը, Սամվել Կարապետյանը, Անդրեյ Շառոնովը, Սերգեյ Սարկիսովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեկսելբերգը եւ ուրիշներ:
Դպրոցը կսկսի գործել 2014 թ. սեպտեմբերին: Վաղը Դիլիջանում կգործարկվի ժամացույց. այն խորհրդանշելու է, որ մինչ դպրոցի բացումը մնում է 1 տարի: Դպրոցի տարածքում վաղը համերգով հանդես կգա նաեւ D`Black Blues Orchestra խումբը, որի մենակատարն է ռուսաստանցի գործարար Վլադիմիր Ավետիսյանը:
Առաջին ուսումնական տարում դպրոցը կընդունի 90 աշակերտների: 2023 թ. նրանց քանակը կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Դպրոցում սովորելու 1 տարվա արժեքը կկազմի տարեկան 30 հազ. դոլար, սակայն աշակերտների 90%-ը կսովորի անվճար՝ բարերարների կրթաթոշակների հաշվին: Հայաստանցի երեխաները կազմելու են Դիկլիջանի դպրոցի աշակերտների 10-12%-ը, իսկ սփյուռքահայ աշակերտները՝ մոտ 30%-ը:
Վ. Զոնաբենդին նշեց, որ բոլոր երեխաներին էլ կսովորեցնեն հայերեն, Հայաստանի պատմություն եւ մշակույթ, այնպես որ կարողանան բացատրվել հայերենով:
Դպրոցի տնօրենն է լինելու Ջոն Պադեֆուդը, ով 25 տարի դասավանդել է Անգլիայի Իթընի քոլեջում, ուր սովորում են թագավորական ընտանիքի երեխաները:





























