Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետեւանքով:

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 21-ամյա Հրաչ Ա.-ն դանակով հարվածել է Արմեն Ղ.-ին` պատճառելով  վնասվածք:

Ոստիկանության Մաշտոցի եւ Նոր Նորքի բաժնի  ծառայողները  նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի մոտից բերման են ենթարկել Հրաչ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: