«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը օրենսդրական փոփոխության առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետի ԱԺ նախագահին եւ խմբակցություններին, որտեղ կոչ է անում նվազեցնել երկամտահարկի դրույքաչափերը:

Օրենսդրական առաջարկում ասվում է.

«2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի դրույթները սահմանում են եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը`

• Ամսական մինչեւ 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 24.4 տոկոս,

• Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 29.280 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,

• Ամսական 2.000.000 ՀՀ դրամից ավել եկամտի դեպքում` 518.080  ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 36 տոկոս:

Նշված օրենքի ընդունումով դադարեցվել են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքների գործողությունը, ըստ այդմ` այսուհետ վճարվում է միայն Եկամտային հարկ` նախկին եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական վճարների փոխարեն:

Միեւնույն ժամանակ օրենքով սահմանվել է, որ նշված փոփոխությունը չպետք է առաջացնի աշխատողի փաստացի եկամտի փոփոխություն: Արդյունքում` օրենքը չի ունենում էական ազդեցություն վարձու աշխատողների վրա, եւ օրենքի ընդունումն այդ կապակցությամբ կարելի է համարել դրական` հարկային գործընթացի պարզեցման առումով:

Սակայն 22.12.2010թ. ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը.

2014թ. հունվարի 1-ից կատարվում են պարտադիր կուտակային վճարներ 1974 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի բազային եկամտից: Ընդ որում, վճարվող 10 տոկոս գումարի 5 տոկոսը վճարվում է աշխատողի, նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ եկամուտից` մինչեւ 500.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում, 500.000 ՀՀ դրամ գերազանցող եկամտի դեպքում` աշխատողը, վճարում է 10 տոկոս` հանած 25.000 ՀՀդրամ (25.000 դրամը վճարում է կառավարությունը):

Արդյունքում` 2014թ. հունվարի 1-ից  մինչեւ 40 տարեկան աշխատակիցների փաստացի եկամուտը կրճատվելու է միջինը 9 տոկոսով:

Պատկերավոր ասած` վերականգնվում է պարտադիր սոցիալական վճարը` որպես պարտադիր կուտակային վճար եւ եկամտային հարկը փոխարինում է եկամտահարկին` մոտ 5 տոկոս բարձր դրույքաչափով:

Ընդ որում, եկամտային հարկը եւ կուտակային վճարները պահվում են բազիսային եկամտից, այսինքն` իրականում կուտակային վճարները կազմում են փաստացի եկամտի ոչ թե 5-9 տոկոսը, այլ 7-11 տոկոսը:

«Առաքելություն» կուսակցությունը, դեմ չլինելով կուտակային կենսաթոշակային համակարգին, կարեւորելով բյուջետային մուտքերի բնականոն ապահովումը, միեւնույն ժամանակ մտահոգություն է հայտնում օրենսդրական նշված փոփոխությունների արդյունքում բազմաթիվ աշխատակիցների եկամտի կրճատման կապակցությամբ:

Մասնավորապես, ցածր եկամուտ ունեցողների համար ամսական եկամտի կրճատումը 10 տոկոսով կառաջացնի սոցիալական լրացուցիչ խնդիրներ, կդառնա արտագաղթը խթանող պատճառ, ինչն առավել ցայտուն արտահայտվում է երիտասարդների մոտ, ում էլ հենց վերաբերում է նշված փոփոխությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում, /ուժի մեջ մտցնելով 2014թ. հունվարի 1-ից/, մասնավորապես`

1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացիների համար սահմանել եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը.

1. Ամսական մինչեւ 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 20 տոկոս

2. Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 24.000 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 24 տոկոս:

Հաշվի առնելով, որ կուտակային վճարները կապված եկամտի հետ կրում են պրոգրեսիվ բնույթ, ըստ այդմ առաջարկվող փոփոխությունն ուղղված է ցածր եկամուտ ստացողներին, օրինակ` 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 29,4 տոկոսի փոխարեն կվճարի 25 տոկոս, իսկ 1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 33,3 տոկոսի փոխարեն կվճարի 31,0 տոկոս»: