Եթե Հորդանանը կամ Թուրքիան մասնակցեն ամերիկյան ագրեսիային, Սիրիան պատասխան հարված կհասցնի: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ Մեքդադը՝ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում:
«Դամասկոսը պատասխան հարված կհասցնի ոչ միայն Իսրայելին, այլեւ հարեւան Հորդանանին եւ Թուրքիային, եթե նրանք ինչ-որ կերպ մասնակցեն ամերիկյան գործողությանը», - ասել է Մեքդադը:
«Երբ պատերազմ սկսվի, ոչ ոք չի կարողանա վերահսկել իրադրությունը: Մենք կարծում ենք, որ Սիրիայի դեմ ցանկացած հարձակում տարածաշրջանը կվերածվի քաոսի, հնարավոր է նաեւ՝ դրա սահմաններից դուրս»,-ասել է Մեքդադն ու հավելել. «Թուրքիան եւ Հորդանանը պետք է երկու անգամ մտածեն՝ Սիրիայի դեմ գործողություններին մասնակցելուց առաջ»:
Ըստ Մեքդադի՝ Սիրիայի ուղղությամբ հարվածը հավանաբար տարածաշրջանային քաոսի կվերածվի, ինչպես նաեւ կուժեղացնի «Ալ Կաիդային» ենթակա ապստամբներին:
Միաժամանակ դիվանագետը ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է արել մերժել Բարաք Օբամային եւ չարտոնել Դամասկոսի դեմ ռազմական հարվածը: «Մենք հուսով ենք, որ ամերիկյան կոմգրեսականները խոհեմություն կդրսեւորեն, կլսեն արդարության ձայնը եւ չեն դիմի սադրիչ գործողությունների: Եթե Կոնգրեսը դա չանի, ապա պատերազմը ողբերգություն կդառնա Սիրիայի, ԱՄՆ-ի ժողովրդի եւ արեւելյան տարածաշրջանի բոլոր բնակիչների համար», - նշել է Սիրիայի արտգործնախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ BBC-ի հետ հարցազրույցում սիրիացի պաշտոնյան կրկին նախազգուշացրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն աջակցություն է «Ալ Կաիդային»:





























