Հայաստանի գլխավոր դատախազությունը սպասում է պատկան մարմինների մասնագիտական եզրակացություններին` որոշելու, թե արդյոք պետք է քրեական գործ հարուցել Փակ շուկայում կատարված շինարարության առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք իրոք ստացել ենք բազում դիմումներ, բողոքներ կապված Փակ շուկայի շինարարության հետ եւ մշտապես արձագանքել ենք: Արձագանքը կապված է եղել նրա հետ, որ դատախազությունը այդ բոլոր դիմում-գանգատները ուղարկել է համապատասխան մարմիններին, որոնք իրավասու են այդ հարցերը լուծել. մասնավորապես` քաղաքապետարան, ոստիկանության հետաքննության, նախաքննության մարմին, ինչպես նաեւ Մշակույթի նախարարություն: Երբ ստանանք համապատասխան եզրակացություններ, նախապատրաստված նյութեր, քրեական գործ հարուցելու առիթներ, մենք կիրականացնենք մեր դատախազական հսկողությունը: Ես կուզեի, որ մենք ստանանք համապատասխան եզրակացություններ` մասնագիտական, փորձագիտական, քանի որ դրանք կարող են նաեւ հանդիսանալ ապացույցներ եւ հիմք ծառայել քրեական գործ հարուցելու համար», -հայտնել է Աղվան Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի բոլորի աչքի առաջ կատարվում է պատմական հուշարձանի բարբարոսական ավերում, ըստ որում` այն ընդգրկված է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Այս երկու տարիների ընթացքում թե անհատ քաղաքացիներ, թե նախաձեռնող խմբեր բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին կատարվող ապօրինության մասին, սեփականատերը երկու անգամ տուգանվել է. իսկ դրանից հետո գիտակցաբար շարունակել պատմաճարտարապետական հուշարձանի ավերումը:
Այժմ Փակ շուկան անճանաչելի է դարձել` վերածվելով «պաբելկա» արված առեւտրի կետի։ «Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուցվել է նաեւ երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տանող շարժասանդուղքը։ Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված է։ Անգամ դրամարկղերն են տեղադրված եւ տոպրակով ծածկված։ Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել եւ ապրանքները դասավորել, եւ «Սիթին» պատրաստ է գործարկման»,-գրել էր «Հայկական ժամանակ» թերթը` հավելելով, որ այստեղ «Երեւան սիթիի» բացումը նախատեսված է սեպտեմբերի 15-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























