Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստներն այժմ սպասում են նախագահական նստավայրի մոտից բերման ենթարկված իրենց ընկերներին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Արաբկիրի ոտսիկանության դիմաց Armeniatoday-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանին մոտեցան քաղաքացիական համազգեստով մի խումբ մարդիկ, որոնցից մեկը, առանց անուն, ազգանուն նշելու, ներկայացավ ոստիկանական բաժանմունքի բաժնի պետի տեղակալ եւ Արգիշտի Կիվիրյանին հրավիրեց «մի կողմ՝ զրուցելու»: Armeniatoday-ի համակարգողն ասաց, որ ինքը կխոսի միայն հրապարակավ, նրան խնդրեցին մտնել ոստիկանական բաժանմունք եւ այնտեղ խոսել, սակայն Արգիշտի Կիվիրյանը խնդրեց իր տուն գրավոր ծանուցագիր ուղարկել եւ այդպես հրավիրել բաժանմունք:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից հետո քաղաքացիական համազգեստավորը հեռացավ, իսկ Արգիշտի Կիվիրյանը զանգահարեց իր փաստաբան Երվանդ Վարոսյանին, այժմ նա գալիս է ոստիկանության Արաբկիրի բաժանմունք:

Ավելի ուշ  Արգիշտի Կիվիրյանին ներկայացրել են ծանուցագիր, որի մեջ նշվում է, թե 17.00-ին նա պետք է անձնագրով ներկայանա ոստիկանական բաժանմունք, բայց Արգիշտի Կիվիրյանը հրաժարվեց ներկայանալ` ասելով, որ ժամն արդեն անցել է:Քաղաքացիական համազգեստով անձինք Արգիշտի Կիվիրյանի ձեռքերը ոլորելով նրա բերման ենթարկեցին բաժին: Ոստիկանները որոշ ժամանակ թույլ չէին տալիս նրա փաստաբանին մտնել ոստիկանական բաժանմունք, սակայն քիչ առաջ Երվանդ Վարոսյանը մտավ իր պաշտպանյալի մոտ: