Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ Արտուշ Մարգարյանը դանակով մի քանի հարվածներ է հասցրել իրեն՝ ստամոքսի շրջանում, նրան հիվանդանոց են տեղափոխել կեսգիշերին:

«Մալաթիա» բ/կ-ից հայտնեցին, որ այժմ նրան վիրահատում են:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: